Արտաքին աշխարհ
ՆԱՏՕ-ն Վեստֆալյան խաղաղության միջազգային մրցանակի է արժանացել
ՆԱՏՕ-ն Գերմանիայում ստացել է Վեստֆալյան խաղաղության միջազգային մրցանակը՝ եվրոպական խաղաղ կարգում ունեցած ներդրման համար, հայտնում է dpa գործակալությունը։ Մրցանակը հինգշաբթի Մյունստերի պատմական քաղաքապետարանում դաշինքի անունից ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Մրցանակաբաշխության ժամանակ Գերմանիայի վարչապետ Ֆրիդրիխ Մերցը նախազգուշացրել է Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր հաղթանակի հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ եթե չհաջողվի զսպել Մոսկվային, ռուսական ռազմական մեքենան կարող է հետագայում ուղղվել ՆԱՏՕ-ի դեմ։
Մերցը նշել է, որ Ուկրաինային շարունակական աջակցությունն անմիջականորեն կապված է Գերմանիայի և եվրոպական մյուս երկրների անվտանգության հետ։ Նա ընդգծել է, որ Ուկրաինային օգնությունն ինքնանպատակ չէ, և Գերմանիան այն տրամադրում է նախևառաջ իր քաղաքացիների ազատությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։
Գերմանիան շարունակում է մնալ Ուկրաինայի խոշորագույն ռազմական դոնորներից մեկը, սակայն երկրի ներսում Կիևին աջակցության շարունակման շուրջ քաղաքական բանավեճը սրվում է։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դեմ է Ուկրաինային հետագա ռազմական օգնությանը և կողմ է Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնմանը։
Մրցանակը ռազմական դաշինքին հանձնելու որոշումը նախկինում հարցեր էր առաջացրել նաև Մերցի մոտ։ Նա ընդունել է, որ խաղաղության մրցանակը ռազմական դաշինքին շնորհելը կարող է առաջին հայացքից հակասական թվալ, սակայն ընտրությունը տրամաբանական է համարել։ Կանցլերի խոսքով՝ ՆԱՏՕ-ն արդեն երեք սերունդ շարունակ եվրատլանտյան խաղաղ կարգի հիմքն է՝ պաշտպանելով Եվրոպայի երկրների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը։
Վեստֆալյան խաղաղության միջազգային մրցանակը երկու տարին մեկ շնորհում է Վեստֆալիայի և Լիպպեի տնտեսական ընկերությունը։ Դրա դրամական մասը կազմում է 100 հազար եվրո։ Մրցանակը կոչվել է 1648 թվականի Վեստֆալյան խաղաղության պատվին, որով ավարտվել է Երեսնամյա պատերազմը։
Աղբյուր՝ 168.am