Հասարակություն
«Եկեղեցին գործուն է, զորավոր և հաղթական». Տեր Սարգիս
Տեր Սարգիս քահանա Սարդարյանը հայտարարել է, որ իր և ընտանիքի վերաբերյալ տեղեկությունները մեդիա դաշտում օգտագործվում են Հայ Առաքելական Եկեղեցին վարկաբեկելու նպատակով։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան գրառմամբ՝ անդրադառնալով որդու վիրահատության հետ կապված հրապարակումներին և քննարկումներին։
Քահանայի խոսքով՝ ամիսներ առաջ իր որդու վիրահատության համար անհրաժեշտ գումարը համայնքի և հավատացյալների կողմից հավաքվել է դրամահավաքի միջոցով։ Նա նշել է, որ այդ ընթացքում մի քանի անգամ հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, որը, ըստ Տեր Սարգսի, որոշել է երեխայի բժշկական փաստաթղթերը թարգմանել անգլերեն և ուղարկել աշխարհի լավագույն հիվանդանոցներ՝ մասնագիտական կարծիք ստանալու համար։
Տեր Սարգիսը գրել է, որ Ֆրանսիայից ժամանած բժիշկը տեղեկացրել է՝ ժամանակի խնդիր կա, և վիրահատությունը պետք է կատարել անհապաղ։ Դրանից հետո, իր խոսքով, Կաթողիկոսի հետ որոշվել է վիրահատությունն իրականացնել Հայաստանում, իսկ ծախսերը հոգալ դրամահավաքի միջոցով։ Նա նաև նշել է, որ Վեհափառ Հայրապետն ամենօրյա ձևաչափով հետաքրքրվել է իրենց ընտանիքի վիճակով։
Քահանան անընդունելի և խիստ դատապարտելի է համարել այն ներկայացումները, թե Եկեղեցին կամ Հայոց Հայրապետն անտարբեր են եղել իր խնդրի նկատմամբ։ Նա պահանջել է այլևս չշահարկել իր և ընտանիքի հետ կապված թեմաները՝ դրանք որպես Եկեղեցու անգործության ապացույց ներկայացնելու համար։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործուն է, զորավոր և հաղթական»,— գրել է Տեր Սարգիսը։
Աղբյուր՝ yerevan.today