Քաղաքականություն
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն կայացած փաստ է, սակայն այն պահպանելու և ամրապնդելու համար անհրաժեշտ են ժամանակ ու հետևողական աշխատանք։
Փաշինյանի խոսքով՝ վերջին երկու տարուց ավելի ժամանակահատվածում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի երկաթուղին գրեթե մեկ տարի բաց է հայկական բեռների համար, սկսվել է երկկողմ առևտուրը, իսկ երկու երկրների պետական սահմանի 12-կիլոմետրանոց հատվածը սահմանազատվել և սահմանագծվել է։
Վարչապետը խաղաղության հաստատման հիմքում կարևորել է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որի սկզբունքները, նրա ներկայացմամբ, ամրագրված են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրված տեքստում։ Այդ համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում։
Փաշինյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրականացումը, որը պետք է կապաշրջափակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա։ Նրա խոսքով՝ ակնկալվում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի բացում ու կապող ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնում։
Միաժամանակ վարչապետը ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։ Չլուծված են մնում անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման և կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հումանիտար հարցերը։ Նա հավելել է, որ ավելի քան 30 տարի տևած հակամարտության հետևանքները հնարավոր չէ վերացնել մեկ ակնթարթում, և ձեռք բերված խաղաղության մասին անհրաժեշտ է հոգ տանել ամեն օր։
Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և վերջնական վավերացման ուղղությամբ։
Աղբյուր՝ aravot.am