Քաղաքականություն
ՔՊ խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ ծրագրերի արդյունավետությունը
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը և պատգամավոր Բաբկեն Թունյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Արուսյակ Մանավազյանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը և բարձր գնահատել ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Նա նաև ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ ԵՄ աջակցությունը։
Վասիլիս Մարագոսի խոսքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ խորհրդարանական հարթակում, դինամիկ զարգանում են։ Նա ներկայացրել է երկկողմ համագործակցության ոլորտները, բյուջետային աջակցության ծրագրերին համահունչ իրականացվող բարեփոխումները և աջակցության հիմնական ուղղությունները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը։ Քննարկվել են տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարները, հայկական արտադրանքը եվրոպական չափանիշներին մոտարկելու հնարավորություններն ու գործիքները, ինչպես նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը։ Վասիլիս Մարագոսը պարզաբանել է այդ գործընթացի մանրամասները։
Աղբյուր՝ aravot.am