Արտաքին աշխարհ
Մարկ Ռյուտե. Եվրոպան բախվում է Ռուսաստանի հետ կապված հիբրիդային հարձակումների
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքով՝ Եվրոպան ներկայում խաղաղության վիճակում չէ և Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին բախվում է Ռուսաստանի հետ կապված հիբրիդային հարձակումների աճող թվի։ Այս մասին նա հայտարարել է Մյունստերում՝ ՆԱՏՕ-ին Վեստֆալյան խաղաղության միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ, գրում է The Guardian-ը։
Ռյուտեն որպես նման գործողությունների օրինակներ նշել է կիբերհարձակումները, դիվերսիաները, հրկիզումները, օդային տարածքի խախտումներն ու անօդաչու սարքերի հետ կապված միջադեպերը։ Նրա պնդմամբ՝ Ռուսաստանը փորձում է վախեցնել և պառակտել եվրոպական երկրներին, սակայն դաշինքի պատասխանը լինելու է Ուկրաինային առավել մեծ աջակցությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ եվրոպացի առաջնորդներին երկար ճանապարհ է սպասվում, քանի որ ռուսական ռազմական մեքենան մոտ ժամանակում չի կորցնի իր հնարավորությունները։ Նա նաև ուշադրություն է հրավիրել Չինաստանի զինված ուժերի շարունակվող արդիականացման վրա։
Ռյուտեն եվրոպական երկրներին կոչ է արել պահպանել պատրաստվածությունը հնարավոր զարգացումների նկատմամբ՝ ընդգծելով, որ խաղաղությունը փխրուն է, իսկ դաշինքի անդամները պատրաստ են պաշտպանել միմյանց։
Աղբյուր՝ 168.am