Արտաքին աշխարհ
Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման պատրաստակամության մասին
Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը մասնակցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման՝ տեխնիկական մակարդակով։ Այդ մասին Կիևում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ փոխանցում է «Европейская правда»-ն։
Զելենսկու խոսքով՝ ամերիկյան կողմը կապի մեջ է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ և առաջարկում է նման հանդիպում անցկացնել։ Կիևը հաստատել է իր մասնակցության պատրաստակամությունը։
Նա նշել է, որ Ուկրաինայի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա․ երկիրը պատրաստ է բանակցություններ վարել Արաբական Միացյալ Էմիրություններում կամ Վաշինգտոնի առաջարկած մեկ այլ վայրում։ Միևնույն ժամանակ Զելենսկին չի հստակեցրել՝ արդյոք Մոսկվան ստացել է հանդիպման վերաբերյալ առաջարկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները կարող են հոկտեմբերին հանդիպել Աբու Դաբիում՝ հնարավոր մասնակի հրադադարի հարցը քննարկելու համար։ Քննարկվող թեմաներից մեկը կարող է լինել էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ փոխադարձ հարվածներից հրաժարումը։
Սեպտեմբերին Զելենսկին հայտնել էր, որ ԱՄՆ-ը առաջարկել է տեխնիկական եռակողմ հանդիպում և հնարավոր վայր էր դիտարկել ԱՄԷ-ն։ Կիևն այդ ժամանակ սպասում էր Վաշինգտոնի առաջարկներին հանդիպման ամսաթվի վերաբերյալ։
Միաժամանակ քննարկվում են նաև ծովում ռազմական գործողությունների դադարեցման և հացահատիկի արտահանման պաշտպանության նախաձեռնությունները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էներգետիկ զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը բարդ խնդիր էր անվանել, սակայն հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է փորձել հասնել դրան։
Աղբյուր՝ 168.am