Քաղաքականություն
Եղիսաբեթ Չուլջյան․ Ամերիկահայերը շարունակելու են բարձրաձայնել Ադրբեջանի դեմ պահանջները
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում բնակվող և քվեարկող հայերը հստակ պահանջներ ու ակնկալիքներ ունեն ամերիկյան կառավարությունից, և այդ հարցերը պետք է մշտապես բարձրաձայնվեն՝ անկախ Հայաստանի կառավարության դիրքորոշումից։
Նրա խոսքով՝ սփյուռքի կազմակերպությունները չեն պատրաստվում լռել կամ առաջնորդվել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարություններով, այլ շարունակելու են իրենց աշխատանքը։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Նյու Հեմփշիրից ԱՄՆ Սենատի ընտրություններում հանրապետական թեկնածու Ջոն Սունունուի և նրա ընտանիքի կապերին բրիտանական Anglo Asian Mining հանքարդյունաբերական ընկերության հետ։ Ընկերությունը Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ է զբաղվում։
Ըստ ներկայացված տվյալների՝ Սունունուի հայրը՝ Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ Ջոն Հ. Սունունուն, ընկերության մոտ 9.4 տոկոս բաժնեմասով երկրորդ խոշոր բաժնետերն է, նրա եղբայր Մայքլ Սունունուն ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, իսկ սենատորի թեկնածու Ջոն Սունունուն իր ֆինանսական հայտարարագրում նշել է մինչև 5 միլիոն դոլարի անձնական բաժնեմաս ընկերությունում։
Anglo Asian Mining-ը Ադրբեջանի կառավարության հետ կնքված պայմանագրերով 1997 թվականից իրավունքներ էր ստացել Արցախի տարածքում գտնվող մի շարք հանքավայրերի նկատմամբ, այդ թվում՝ Կովսականի (Զանգելանի) «Վեժնալի» և Մարտակերտի «Կաշեն» հանքավայրերի։ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո ընկերությունը հրապարակայնորեն հայտարարել էր այդ տարածքներում հանքերի շահագործման հասանելիություն ստանալու մասին։
Այս հանգամանքը քննադատության է արժանացել ԱՄՆ նախընտրական պայքարում։ Սունունուի դեմոկրատ մրցակիցներն ու ամերիկահայ կազմակերպությունները, այդ թվում՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, նրան մեղադրում են Արցախի հայաթափումից և հայկական տարածքների կորստից ֆինանսական շահույթ ստանալու մեջ։
Հաղորդման ընթացքում հիշատակվել է նաև ԱՄՆ կոնգրեսական Հենրի Կուելարի դեմ հարուցված գործը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրան և կնոջը մեղադրել է Ադրբեջանից ու մեքսիկական բանկից շուրջ 600 հազար դոլարի կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Մեղադրանքի համաձայն՝ 2014-2021 թվականներին գումարները փոխանցվել են կեղծ խորհրդատվական պայմանագրերի և միջնորդների միջոցով՝ այդ թվում Կուելարի կնոջը պատկանող ընկերություններին։ Գումարի մի մասը, ըստ մեղադրանքի, վճարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։
Կուելարը, որը Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով հանձնախմբի համանախագահն էր, հերքել է մեղադրանքները։ Ըստ աղբյուրի՝ նա ԱՄՆ օրենսդիր մարմնում առաջ է մղել Ադրբեջանի շահերը և փորձել է չեզոքացնել Արցախին ու Հայաստանին աջակցող օրենսդրական նախաձեռնությունները։ Ավելի ուշ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կուելարին լիակատար ներում շնորհելու մասին՝ պնդելով, որ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի։
Աղբյուր՝ 168.am