Հասարակություն
«Դուետ» սրճարանի վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 50-ամյա տղամարդը հոսպիտալացվել է
Հոկտեմբերի 5-ին Հրազդանի «Դուետ» սրճարանում վիճաբանության ժամանակ 50-ամյա Արտակ Աղասարյանը դանակահարվել է և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկանության տվյալներով՝ ժամը 13:50-ի սահմաններում սրճարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Արտակ Աղասարյանի, նրա 39-ամյա եղբոր՝ Արշակ Աղասարյանի, ինչպես նաև 60-ամյա Վարդան Ղազարյանի և 30-ամյա Գոռ Ղազարյանի միջև։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում Գոռ Ղազարյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Արտակ Աղասարյանին։
Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել որովայնի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքերով։ Բժիշկները հայտնել են, որ նա վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալ։
Ոստիկանության փոխանցմամբ՝ Գոռ Ղազարյանը ներկայացել է Հրազդանի բաժին։ Դեպքի առթիվ փաստաթղթեր են կազմվել և ներկայացվել Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածի հայրը նախկինում եղել է Հրազդանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Գոռ Ղազարյանը Հրազդանի թիվ 11 դպրոցի նախկին տնօրենի որդին է։ Հրազդանում տարածվող տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը կարող է կապված լինել տարիներ առաջ տեղի ունեցած աշխատանքային փոփոխությունների հետ։
Աղբյուր՝ yerevan.today