Արտաքին աշխարհ
Հայաստանը կֆինանսավորի առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեի քննարկումների ընթացքում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ երկիրը ֆինանսավորելու է առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին։
Պատվիրակությունը նշել է, որ այդ քայլը կնպաստի հատուկ իրավիճակներում գտնվող երկրների ձայնի լսելիությանը և կենսաբազմազանության ոլորտում գլոբալ գործողությունների առաջմղմանը։
Հայաստանը, որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ զարգացման ֆինանսավորման հարցերով համակարգող, աջակցել է այդ երկրների համար ենթակառուցվածքային ներդրումների և ֆինանսավորման հատուկ մեխանիզմի ստեղծման հնարավորության ուսումնասիրմանը։
Քննարկումների ընթացքում հայկական կողմը վերահաստատել է նաև դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների և հատուկ իրավիճակներում գտնվող այլ պետությունների առաջնահերթություններին աջակցելու հանձնառությունը։ Ընդգծվել է Ավազայի գործողությունների ծրագրի իրականացումը, միջազգային աջակցության և ՄԱԿ-ի զարգացման համակարգի ամրապնդումը, ինչպես նաև կայուն ու դիմակայուն ենթակառուցվածքներում ներդրումների մոբիլիզացումը։
Պատվիրակությունը նաև նշել է, որ COP17-ի քննարկումներում ջանքեր կգործադրվեն հատուկ իրավիճակներում գտնվող երկրների առաջնահերթությունները պատշաճ կերպով արտացոլելու համար։
Աղբյուր՝ aravot.am