Քաղաքականություն
Ադրբեջանը 30-40 տարում ցանկանում է Արցախը հայերի համար դարձնել «Նախիջևան». Բենիամին Պողոսյան
APRI Armenia-ի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը հաշվարկում է, որ առնվազն 30-40 տարի անց Արցախը հայ հասարակության լայն շրջանակների համար կդառնա Նախիջևանի նման «հին պատմություն»։ Այս մասին նա ասել է Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում։
Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանում կարծում են, որ այդ ժամանակահատվածում պետք է անցնի առնվազն երկու սերունդ, որպեսզի Արցախում հայերի ներկայության մասին հիշողությունը հանրային ընկալման մեջ թուլանա։ Նրա գնահատմամբ՝ այդ պատճառով Ադրբեջանը փորձում է առաջիկա տասնամյակներին Հայաստանը պահել թույլ վիճակում, որպեսզի Երևանը չկարողանա մտածել 2020-2023 թվականների իրադարձությունների թեկուզ մասնակի հետշարժման մասին։
Պողոսյանը նաև անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մասին օրենքին։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, տևելու է տասնյակ տարիներ, սակայն օրենքի ընդունումն արդեն դարձել է «գլխացավանք» Հայաստանի, պետության և կառավարության համար։ Նա նշել է, որ Ռուսաստանը օրենքի ընդունման փաստը դիտարկում է որպես Հայաստանի՝ իր հակառակորդին՝ Եվրամիությանը, աստիճանաբար մոտենալու հայտարարություն, մինչդեռ օրենքի չեղարկումը բացասաբար կընկալվի եվրոպական գործընկերների կողմից։
Քաղաքագետը նշել է, որ Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական կարգավորման հարցում շարունակում են մնալ անփոփոխ։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր, որ Մոսկվայի մասնակցությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ ձևաչափը նախատեսված էր բոլոր կողմերի շահերը հաշվի առնող լուծումների որոնման համար, իսկ 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են արդիական լինել։
Կալուգինի խոսքով՝ մինչև 2023 թվականը կողմերը մոտ էին տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ կոնկրետ որոշումների ընդունմանը։ Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև Հայաստանի Սյունիքի մարզով հաղորդակցության վերականգնման, ինչպես նաև հայկական երկաթուղային ենթակառուցվածքի ապաշրջափակման մասին էր՝ դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելքով։ Նա հայտարարել էր, որ եթե Երևանը չհրաժարվեր համատեղ աշխատանքից, ապա այդ պայմանավորվածությունների արդյունքները կարող էին տեսանելի լինել արդեն 2027 թվականին։
Պողոսյանը հարցազրույցում անդրադարձել է նաև Ուկրաինայի շուրջ զարգացումների աշխարհաքաղաքական նշանակությանը՝ վկայակոչելով Զբիգնև Բժեզինսկու 1997 թվականին հրապարակված «Շախմատային մեծ տախտակը» գիրքը։ Նրա խոսքով՝ այդ մոտեցման համաձայն՝ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունը Ռուսաստանի համար առանցքային է կայսերական կարգավիճակի վերականգնման տեսանկյունից, իսկ ԱՄՆ-ի և Արևմուտքի ռազմավարական նպատակը Ռուսաստանին Ուկրաինայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հնարավորությունից զրկելն է։
Աղբյուր՝ 168.am