Հասարակություն
Երեխային կարող են շանտաժի ենթարկել, նույնիսկ եթե նա մերկ լուսանկար չի ուղարկել․ Հայկ Մկրտչյան
ՀՀ ՆԳՆ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը հայտնել է, որ արհեստական բանականության գործիքներով հանցագործները կարող են ստեղծել կեղծ, սակայն իրականին շատ նման լուսանկարներ ու տեսանյութեր։ Այդ պատճառով շանտաժի զոհ կարող է դառնալ նաև այն անչափահասը, որը երբևէ նման լուսանկար չի արել կամ որևէ մեկին չի ուղարկել։
Մկրտչյանի խոսքով՝ սեռական շորթման դեպքում հանցագործը սպառնում է տարածել անձի սեռական բնույթի նյութերը, եթե զոհը չկատարի իր պահանջները։ Դրանք կարող են վերաբերել նոր լուսանկարներ ուղարկելուն կամ դրամական միջոցներ տրամադրելուն։
Նա նշել է, որ երեխաները հաճախ լռում են՝ ծնողների արձագանքից կամ հնարավոր արգելքներից վախենալով։ ՆԳՆ ներկայացուցիչը հորդորել է ծնողներին վստահեցնել երեխաներին, որ խնդիրների դեպքում նրանք կարող են դիմել իրենց՝ առանց պատժվելու վախի, չշփվել անծանոթների հետ և նման պահանջի դեպքում անմիջապես տեղեկացնել ծնողներին։ Եթե երեխան դարձել է նման հանցագործության զոհ, անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններին։
Աղբյուր՝ 168.am